Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 5-ին  տեղի է ունեցել Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված միջոցառում, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա իր ելույթում ցանկություն հայտնեց, որ հուլիսի 5–ն իրական տոնական օր դառնա, քանի որ իր նշանակությամբ այն զիջում է միայն Անկախության տոնին։

«Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա խորհուրդն ու նշանակությունն արժեւորելու համար կա մի պարզ ճանապարհ՝ անել ամեն ինչ, որ Սահմանադրության նորմերը, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները մտնեն յուրաքանչյուրի տուն, յուրաքանչյուր համայնք, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ դրանք մնան ոչ թե սահմանադրական նորմ, այլ դառնան կյանքի նորմեր»,–շեշտեց նա։

Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ սահմանադրականության պահպանումն է կայունության եւ զարգացման երաշխիքը. «Ոչ ոք, ոչ մի նպատակ, ոչ մի արժեք չի կարող վեր լինել սահմանադրականության պահպանումից»։

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՍԴ դատավորի թափուր պաշտոնի մասին հարցին, նա հույս հայտնեց, որ այս քաղաքական իրավիճակը կանցնի եւ աշնանը ԱԴ դատավոր կունենանք. «Ես ամենաշահագրգռվածն եմ մեկ օր առաջ ունենալ ՍԴ նոր դատավորներ, որոնք նոր շունչ կհաղորդեն դատարանին եւ ծանրաբեռնվածությունն էլ կթեթեւանա»։