«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հունվարի 31-ին, ժամը 17:00-ին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ կկազմակերպի ակցիա ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք եւ դատավճիռ կայացնելու պահանջով:
Այս ակցիան կազմակերպվում է Լոս Անջելեսում իրականացվող երթին զուգահեռ, որը կազմակերպել է Human Rights Council-ի նախաձեռնությամբ եւ ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2010-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծից եւ խոշտանգումներից հետո մահացել էր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Պարզվել էր, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով առաջացել են հիշյալ վնասվածքները, որոնցից գանգուղեղային վնասվածքը հանդիսացել է մահվան պատճառ:
Նշենք, որ Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել եւ նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում):
Մինչդեռ կալանավորված է միայն ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ: Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի պատիժ:
Նշենք, որ դեռեւս անհայտ է սպանված երիտասարդ կնոջ մանկահասակ երեխայի ճակատագիրը: Երեխան այժմ իր հորական տատի մոտ է, ով արգելում է երեխայի մորական կողմի հարազատներին տեսակցել նրա հետ: Զ. Պետրոյսանի քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է պատկան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը: Դիմումին առայժմ ընթացք չի տրվել:




























