Ես չեմ վարում քաղավիացիայի քաղաքականությունը. որպես նախագահ իմ կարծիքը կարող եմ ունենալ, բայց դա առաջին հերթին պետք է հայտնեմ համապատասխան մարմիններին, կառավարությանն ու վարչապետին: Այս մասին այսօր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանն այսօր չունի ազգային ավիափոխադրող, որը լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգությանը:
Նրա խոսքով, ինքն իր կարծիքը չի դարձնի հանրային կարծիքի մի մասը, եւ պարզվի նախագահը մի կարծիք ունի, կառավարությունն ուրիշ կարծիք:
«Շատ կարեւոր է, որ նախագահը, նրա աշխատակազմը, կառավարությունը, վարչապետը, նրա աշխատակազմը ներդաշնակ աշխատեն: Ոչ թե մեկը մի բան է ասում, կարծելով, որ խելոք է, հետո մյուսն ուրիշ բան է ասում, սկսում են քննարկումը: Նախագահի դերն ուրիշ է, նա պետք է աջակցի կառավարությանն իր գործունեության մեջ, նաեւ նախագահը լինելով նաեւ երկրի համար մեկ դեսպանը, այս երկիրն ու կառավարության գործունեությունը ներկայացնի դրսում եւ ներսում»,-ասաց ՀՀ նախագահը:
Ինչ վերաբերում է ավիափոխադրողների խնդրին, նաեւ նրան, որ ՀՀ քաղաքացիները նախընտրում են թռչել Թբիլիսիի օդանավակայանից, Արմեն Սարգսյանն ասաց. «Ես էլ գիտեմ այդ փաստերի մասին: Կա քաղաքականություն, որ կոչվում է բաց երկնքի քաղաքականություն, կան փաստարկներ, որ եթե դուք բացում եք դաշտը, մեծ թվով ընկերություններ են գալիս եւ հետեւաբար, գինը կարող է նվազել: Կա կարծիք, որ դա այդպես չէ, կյանքը ցույց կտա, որովհետեւ այդ քաղաքականությունն աշխատում է»:
Ազգային փոխադրող ունենալու հարցի վերաբերյալ էլ ասաց. «Ցավոք, մենք 25 տարվա ընթացքում չունեինք մի քանի անհաջող փորձեր, ու հիմա չունենք: Դրա կարիքը կա, թե չկա, պատասխանը նախեւառաջ պետք է կառավարությունը տա: Հասկանում եք նաեւ խնդրի բարդությունը: Նախեւառաջ սա տնտեսական խնդիր է: Ես իրավիճակի մասին բավականին տեղեկություն ունեմ, եւ կառավարության հապապատասխան մարմնին իմ կարծիքը կասեմ: Եթե ձեւավորվի հստակ քաղաքականություն, կարող եմ լինել այդ կառավարության քաղաքականության մեկնաբանը»:





























