Հուլիսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության պետը նախ ներկայացրել է ձեւավորվող խորհրդի առաքելությունը եւ վերահաստատել իր կամքը հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդի ձեւաչափում քննարկելու ոստիկանության գործունեությանն առնչվող կարեւորագույն խնդիրները, համատեղ ջանքերով գտնելու լուծումներ:
Ներկաները հարցեր են ուղղել ոստիկանության տարբեր ոլորտներից՝ սկսած ճանապարհային երթեւեկության, տեսանկարահանող սարքերի գործունեությունից մինչեւ ոստիկանության ծառայության կատարելագործման, ոստիկանների աշխատավարձերի չափի մասին:
Տալով սպառիչ պատասխաններ՝ Վալերի Օսիպյանն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ոստիկանության իրականացրած միջոցառումներին ու հանրությանը հուզող խնդիրներին:






























