Հայաստանի կրթական համակարգում այսօր առկա է ոչ մեկ եւ ոչ էլ երկու խնդիր, դրանք չափից ավելի շատ են: Եվ այդ խնդիրները կարելի է լուծել մի քանի ճանապարհներով. անհրաժեշտ է կա՛մ ամբողջությամբ փոխել համակարգը, կա՛մ փոփոխություններ կատարել գործող համակարգում: Երկրորդ ճանապարհը չի բավարարում կրթության եւ գիտության նախարարությանը, քանի որ  ոչ մեծ բարեոխումները նման են համակարգը «կարկատելուն»: Ելույթ ունենալով «Նոր սերունդի կրթությունը» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցած եզրափակիչ միջոցառումում՝ այս մասին ասաց կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը:

«Այսօրվա կառավարության եւ մեր նախարարության թիմը քաղաքական կամք ունի՝ փոխելու քաղաքականությունը, փոխելու համակարգը, եւ հիմա մենք ցանկանում ենք ձեր օգնությամբ եւ ձեր քննադատության օգնությամբ համակարգը փոխել»,- ասաց փոխնախարարը՝ դիմելով փորձագետներին:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի նշանակվելուց կարճ ժամանակ անց նրա հետ են կապվել «Թումո» Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները եւ առաջարկել քննարկել հնարավոր բարեփոխումներն ու Հայաստանում կրթական համակարգի զարգացման ուղիները: Մայիսի 26-ին մեկնարկել է  «Նոր սերունդի կրթությունը» նախաձեռնությունը, որի ընթացքում 7 շաբաթ կրթական ոլորտի մասնագետները եւ այլ շագհագրգիռ կողմեր քննարկել են Հայաստանում կրթության ապագան եւ կիսվել են իրենց տեսլականով, թե ինչ է կոնկրետ անհրաժեշտ անել առկա խնդիրները ուծելու համար:

Ինչպես իր հերթին նշեց «Թումո» Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, այսօր՝ հուլիսի 7-ին, եզրափակիչ միջոցառման ժամանակ նախատեսվում է ամփոփել վերջին շաբաթներին կատարված աշխատանքի արդյունքները, ընտրել ամենահետաքրքիր առաջարկները, որոնք ամսվա վերջին բարեփոխումների պատրաստի փաթեթի տեսքով հնարավոր կլինի ներկայացնել կրթության եւ գիտության նախարարություն: