Մեխիկոյի արվարձանում սեփական տանը կողոպուտի ժամանակ սպանվել է վաստակավոր լրագրող, 80-ամյա Լուիս Պերես Գարսիան, հայտնել է Մեքսիկայի Լրագրողների ասոցիացիաների ֆեդերացիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆեդերացիայի տեղեկություններով՝ Պերես Գարսիան մահացել է գլխին ստացած հանցագործների հարվածից: Կողոպուտից հետո չարագործները տունը հրկիզել են, որտեղ լրագրողը մենակ էր ապրում: Լրագրողի մարմինը հայտնաբերվել է բեկորների տակ հրշեջների կատարած աշխատանքից հետո: Փորձագետները սկզբում ենթադրում էին, որ Պերես Գարսիան մահացել է շնչահեղձությունից եւ այրվածքներից, սակայն առավել մանրակրկիտ զննմամբ պարզվել է մահվան բռնության պատճառը:
Ավելի քան 30 տարի Պերես Գարսիան ղեկավարել է Encuesta de Hoy պարբերականը, մտել է Մեքսիկայի առաջատար լրագրողների ազգային ասոցիացիայի մեջ, մասնակցել է երկրի հասարակական կյանքին:
Մեքսիկայում 2017 թվականին սպանվել է 12 լրագրող, իսկ 2018-ի սկզբից ի վեր՝ արդեն 10: 2000 թվականից երկրում զոհվել է ընդհանուր 197 լրագրող, 20-ն անհետ կորել է, գրանցվել է մոտ 50 հարձակում լրատվամիջոցների շենքերի վրա:





























