ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանն առաջարկել է մաքսատուրքերից փոխադարձ հրաժարում՝ «ազնիվ առեւտուր» ապահովելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի Թրամփը առեւտրի հարցերի շուրջ բանակցություններ կվարի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կարգադրել էր մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար, Եվրամիությունը հայտարարել էր պատասխան միջոցների մասին:

«Վաղը Եվրոպական միությունը Վաշինգթոն է ժամանում՝ պայմանավորվելու առեւտրի գործարքի շուրջ: Ես նրանց համար գաղափար ունեմ: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն հրաժարվում են բոլոր մաքսատուրքերից, արգելքներից ու սուբսիդիաներից: Սա, վերջապես, հնարավոր կլինի ազատ շուկա եւ ազնիվ առեւտուր անվանել: Հույս ունեմ, որ նրանք դա կանեն: Մենք պատրաստ ենք, իսկ նրանք՝ ոչ»,- նշել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ Թրամփը համանման քայլեր էր առաջարկում ԵՄ-ին եւ G7 երկրներին: Ներկա պահին բոլոր մաքսատուրքերից եւ սուբսիդիաներից հրաժարվելն իրատեսական չի թվում, քանի որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն դրանց միջոցով իրենց առեւտրային շահերն են պաշտպանում: