ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վերջին արտասահմանյան ուղեւորության ժամանակ խիստ դիտողություն է արել օգնականներին այն պատճառով, որ նրանք նախագահական օդանավում տեղադրված կնոջ՝ Մելանյայի անձնական հեռուստացույցով CNN էին միացրել, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Թրամփի վերջերս կատարած արտասահմանյան ուղեւորության ժամանակ մի վայրից մյուսը թռչելիս: Երբ ԱՄՆ նախագահը նկատել է, որ սրահում դրված հեռուստացույցը, որով սովորաբար դիտում է կինը, CNN է ցույց տալիս, սաստիկ զայրացել է, հայտնում է The New York Times-ը: Նա բղավել է օգնականների վրա՝ նրանց մեղադրելով, որ խախտել են իր պահանջներից մեկը, որի համաձայն օդանավում եղած բոլոր հեռոստացույցները պետք է ցուցադրեն Fox News հեռուստաալիքը, նշում է պարբերականը:
Միջադեպը նախագահական օդանավում «իրարանցում» է առաջացրել: Թրամփի օգնականները պնդել են, որ ավելի ուշադիր կհետեւեն, որ օդանավում տեղադրված բոլոր հեռուստացույցները ցուցադրեն միայն Fox News:
Թրամփը նախկինում ամերիկյան լիբերալ լատվամիջոցներին բազմիցս մեղադրել է իրեն եւ իր վարչակազմի որոշումներին կողմնակալ վերաբերվելու համար: ԱՄՆ նախագահը պնդել է, որ այնպիսի հեռուստաալիքները, ինչպիսին են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը, այսպես կոչված, «ֆեյք ներություններ» են թողարկում՝ հրապարակելով ոչ հավաստի տեղեկություններ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը կանոնավոր կերպով Fox News է դիտում, ինչպես նաեւ բարեկամական հարաբերություններ ունի նրա մի քանի աշխատակիցների հետ: Բացի այդ՝ Թրամփն ավելի հաճախ հարցազրույց է տալիս հենց այս հեռուստաալիքի լրագրողներին:





























