Պակիստանի համընդհանուր ընտրություններում պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթել է «Թերիք-ի-ինսահ» («Շարժում հանուն արդարության») կուսակցությունը՝ կրիկետի նախկին աստղ Իմրան Խանի գլխավորությամբ, սակայն կառավարություն ձեւավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիոն գործընկերներ գտնել: Ձայների չափազանց դանդաղ հաշվարկից հետո հուլիսի 27-ին ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Խանի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 269 տեղից 109-ը, մինչդեռ նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին վարչապետ Նավազ Շարիֆի ղեկավարած «Պակիստանյան մուսուլմանական լիգան»՝ 63 տեղ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Պակիստանի ընտրական հանձնաժողովը բախվել էր տեխնիկական լուրջ խնդիրների, որոնց հետեւանքով ստիպված էր անցնել ձեռքով հաշվելուն: Դրա հետեւանքով արդյունքների հրապարակումը հետաձգել էին մինչեւ հուլիսի 27-ը, չնայած դրան, Իմրան Խանը արդեն նախօրեին երեկոյան իրեն հաղթող էր հայտարարել:

Խանը խոստացել է Պակիստանն «այնպես կառավել, ինչպես չի կառավարել ոչ մեկը», պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը եւ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ կառուցել, որոնք «միակողմանի» չեն լինի: Նավազ Շարիֆը, որ կոռուպցիայի մեղադրանքով 10-ամյա պատժաժամկետ է կրում, չի ճանաչել Խանի կուսակցության հաղթանակը եւ հայտարարել է մասշտաբային աղավաղումների ու այլ խախտումների մասին: Մինչդեռ Իմրան Խանն այս ընտրությունները անվանել է Պակիստանի պատմության մեջ ամենաթափանցիկը: