Շվեյցարական Ալպերում թեթեւշարժիչային օդանավի սառցադաշտի գագաթին մխրճվելու հետեւանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է The Local-ը:

Ոստիկանության տեղեկություններով՝ օդանավը Վալե կանտոնի հարավում Դունանդ լեռնանցքի շրջանում ընկել է ծովի մակարդակից 3300 մետր բարձրությունից:
Հաղորդվում է, որ այն ֆրանսիական արտադրության 4-տեղանի օդանավ էր, որը օդ է բարձրացել Սյոն քաղաքի օդանավակայանից զբոսանքային թռիչք կատարելու:

Իշխանություններն ահազանգն ստանալուց հետո օդանավի ընկնելու վայր են ուղարկել փրկարարական խմբեր, որոնք գտել են օդաչուի եւ երեք ուղեւորների մարմինները:

Վթարի հանգամանքներն առայժմ անհայտ են, զոհերը դեռեւս պաշտոնապես չեն նույնականացվել: