Շրի Լանկայի իշխանությունները մտադիր են մեծացնել էլեկտրական ցանկապատները՝ փղերին եւ մարդկանց միմյանցից պաշտպանելու համար: Վերջին 5 տարիներին փղերի մասնակցությամբ միջադեպերի հետեւանքով 375 մարդ է զոհվել, ի պատասխան՝ տեղաբնակները 1200 կենդանու են սպանել, հաղորդում է AFP-ն:

Կառավարությունը կարծում է, որ այս թվերը խոսում են մարդկանց եւ փղերի միջեւ կոնֆլիկտի սրման մասին, եւ հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ինչպես մարդկանց, այնպես էլ վայրի բնությունը պաշտպանելու համար:

Այս կապակցությամբ որոշվել է 2651 կմ երկարությամբ էլեկտրական ցանկապատ կառուցել, որպեսզի փղերը չկարողանան ներխուժել վայրի բնության արգելոցներին հարակից գյուղերը:

Շրի Լանկայում փղերը բուդդայականության խորհրդանիշ են համարվում եւ պաշտպանվում են օրենքով: Վայրի փղերի սպանությունը հանցագործություն է համարվում, որի համար մահապատիժ է սահմանվում: Չնայած դրան՝ պարբերաբար հաղորդումներ են ստացվում, որ գյուղերի զայրացած բնակիչները թունավորում կամ գնդակահարում են կենդանիներին: