Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարի քննադատել մարդու իրավունքների խախտումներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի դեմ քննադատությունը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել, հաղորդում է AFP-ն:
«Կանադան միշտ էլ հստակ արտահայտվելու է մարդու իրավունքների հարցերով, ինչպես մասնավոր կարգով, այնպես էլ հրապարակայնորեն», - ասել է վարչապետը` հրաժարվելով ներողություն խնդրել Սաուդյան Արաբիայից: «Մենք չենք ուզում վատ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ», - հավելել է նա՝ նշելով, որ Օտտավան ընդունում է, որ Ռիադը «առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության գործում»:
Թրյուդոն նշել է, որ արտգործնախարար Խրիստիա Ֆրիլենդը տարաձայնությունները լուծելու նպատակով զրուցել է Սաուդյան Արաբիայի գործընկեր Ադել Ալ-Ջուբեյի հետ: «Դիվանագիտական բանակցությունները շարունակվում են», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու Կանադայի կոչից հետո, Ռիադը հետ կանչեց իր դեսպանին եւ Կանադայի դեսպանին երկրից արտաքսեց: Բացի այդ, Կանադայի հետ առեւտրային բոլոր նախագծերը կասեցվել են:





























