Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեռեւս 2 ամիս առաջ է դիմել քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին, որ քայլեր ձեռնարկվեն Հյուսիսային պողոտայի եւ Հանրապետության հրապարակի տարածքում ապօրինի բացօթյա առեւտրի խնդրի լուծման համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Ինձ պատասխանել էին, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ապօրինի բացօթյա առեւտրի վերացման համար, սակայն ես որեւէ լուրջ քայլ չեմ տեսել այդ ուղղությամբ, միայն վերջերս Կամո Արեյանը գործակարգավարական նիստի ժամանակ նշել է, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկվեն այդ հարցը լուծելու համար: Խնդիրը միայն Կենտրոն համայնքում չէ, ծայրամասերից նույնպես շատ բողոքներ կան, որ առեւտրականնները փողոցները վերածել են բացօթյա շուկայի, որը տհաճ է եւ հակահիգենիկ»,- ասաց Անի Սամսոնյանը։

«Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ խոսել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ինչպես նաեւ տեղյակ է, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայությունն է ձեռնամուխ է եղել խնդրի լուծմանը։