Համազգեստի պարտադրանքը, եթե այն սոցիալական բեռ է դառնում ընտանիքի համար, անընդունելի է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ ամեն ինչ անել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները դասագրքերի վարձավճարների հարցում դժվարություններ չունենան. «Փորձեք առավելագույնս մտնել մարդկանց վիճակի մեջ, նույնը նաեւ համազգեստին է վերաբերում: Կարեւորն այն է, որ երեխան դպրոց հաճախի կոկիկ եւ զուսպ հագնված, իսկ թե վերնաշապիկը ինչ  գույն կունենա, կարեւոր չէ: Համազգեստի պարտադրանքը, եթե այն սոցիալական բեռ է դառնում ընտանիքի համար, անընդունելի է»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2019-20թթ. ուսումնական տարում Արագածոտնի մարզն անցում է կատարելու համընդհանուր ներառման եւ այս տարի այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվելու:  Անդրադառնալով  դպրոցներին անհրաժեշտ քանակի գրքերով ապահովելու խնդրին` Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ  ըստ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի` տարրական դպրոցի  բոլոր դասագրքերը տպագրվել են, որոշակի ուշացումներ կան միայն  «Հայ ժողովրդի պատմություն» եւ «Շախմատ» առարկաների դասագրքերի տպագրման հետ կապված եւ տվյալ խնդիրը կլուծվի մինչեւ սեպտեմբերի 5-ը: