Օգոստոսի 22-ին մի խումբ  ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում են պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից:

Նրանք վիրավորանքներ են  հասցեագրել արշավախմբի անդամների, մասնավորապես՝ արշավախմբի ղեկավար Ա.Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը հուշարձանի անվանման շուրջ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների  խոսքով՝ «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան: 

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն անհրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1.5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ՝ չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։

Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբն այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ: