2018 թվականի յոթ ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է 522 ստուգում, բացահայտվել է 844 չգրանցված աշխատող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Նրա խոսքով՝ եթե 2017 թվականի ստուգումների 31 տոկոսը ավարտվել է տեղեկանքների կազմամբ կամ խախտումներ չբացահայտելով, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 38 տոկոս:

ՊԵԿ փոխնախագահը նշեց՝ իրականացրած ստուգումների մոտ 1/3 ավարտվում են խախտումներ չհայտնաբերելով:

«Որեւէ աշխատակցի որեւէ հրահանգ կամ հանձնարարություն չի տրվել, որպեսզի անպայմանորեն խախտում արձանագրվի»,-ասաց նա՝ պատասխանելով այն մեկնաբանություններին, թե ՊԵԿ աշխատակիցների կողմից արվում է ամեն ինչ, որ խախտում արձանագրվի:

«Եթե անցյալ տարի առաջին յոթ ամիսների ընթացքում  իրականացվել է 583 ստուգում, բացահայտվել է 854 չգրանցված աշխատող, ապա այս տարի ստուգումների քանակը կրճատվել է՝ դառնալով 522–ը, բացահայտվել է 844 չգրանցված աշխատող»,-ասաց նա:

Մաշադյանը շեշտեց՝ կա նաեւ հարկ վճարողների վարքագծի փոփոխություն. «Առեւտրային կազմակերպությունների մոտ աշխատողների թվաքանակը արդեն հուլիսի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 28 000 աշխատակցով»։

Նրա խոսքով՝ ընդհանուր հանրապետությունում ունենք աշխատողների գրանցման 24 հազարով ավելացում. «Սակայն պետական սեկտորում ունենք աշխատողների թվաքանակի նվազում, ինչը տրամաբանական է, փոխարենը առեւտրային ոլորտում ունենք աշխատողների թվաքանակի աճ»։

ՊԵԿ փոխնախագահը նշեց մեկ այլ ձեռքբերում եւս՝ հաշվարկներում կա աշխատավարձերի վճարման ճիշտ արտացոլում. «Ունենք միջին աշխատավարձի բարձրացում, ճիշտ արտացոլում։ Այն ավելացել է շուրջ 8 հազար դրամով։ Հուլիս ամսվա կտրվածքով միջին աշխատավարձը առեւտրային հարկ վճարողների մոտ կազմում է 188 հազար դրամ, նախորդ տարի կազմել է 180 հազար դրամ»,–եզրափակեց նա։