Շատ քիչ է հնարավորությունը, որ մտածենք, որ Ազգային ժողովի չի հաստատի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելու օրենքի նախագիծը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ի դիմաց ի պաշտպանություն Սեւանա լճի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն, բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հավելելով. «Բոլորս հասկանում ենք, թե ովքեր են այսօր նստած ԱԺ–ում, որ նախկին կառավարության օրոք էլ իրենք նպաստել են, որ պարբերաբար Սեւանից ջուր բաց թողնվի: Այնպես, որ շատ սպասելիքներ չունենք»:
Նրա խոսքով, թեեւ վարչապետը իր հերթին հանձնարարական էր տվել պատկան մարմիններին ուսումնասիրելու, հասկանալու իրավիճակը եւ գտնելու ալտերնատիվ որոշումներ՝ խնդիրը լուծելու համար, սակայն, ինչպես տեսնում եք, խնդիրն էդպես էլ չլուծվեց, ներկայացվեց մի առաջարկ վարչապետին, որի սահմաններում պետք է հավելյալ ջուր բաց թողնվեր։
«Սա գիտեք ինչպես եմ որակում. Կարծում եմ, որ մարդիկ, որոնք նստած են եւ պատասխանատու են ջրային ռեսուրսների համար, քաջ տեղեկացված են, թե ինչ է կատարվում։ Սա գնահատում եմ որպես սաբոտաժ. չի կարելի ամեն ինչը գցել մի մարդու վրա։
Մենք հասկանում ենք, որ սա մեծ համակարգ է, որ կան եւ պատասխանատուներ, եւ գիտնականներ, չնայած գիտնականները այս անգամ շատ կտրուկ էին ելույթ ունեցել, բայց ինչու գիտնականներին ոչ մեկը ականջ չդրեց, այդպես էլ չհասկացա։
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մասնագետներն ասացին, որ իրավիճակը բավականին լուրջ է եւ այս խնդիրները լուծելու համար համակարգված է պետք մոտենալ խնդրին եւ ստեղծել նույնիսկ մի առանձին հանձնաժողով գիտնականներից կազմված, որոնք կկարողանան ճիշտ լուծումներ տալ խնդրին։ Սակայն ականջ չդրվեց դրան»,-ասաց բնապահպանը:
Նա կարծիք հայտնեց, որ մինչեւ ԱԺ կազմը չփոխվի, սպասելիքներ շատ պետք չի ունենալ:
Դիտարկմանը, որ վարչապետը եւս հայտարարեց, որ սրտի կսկիծով են նման որոշում կայացնում, քանի որ իրենք էլ գիտակցում են, որ Սեւանի ջրին պետք չի ձեռք տալ, Սիլվա Ադամյանն արձագանքեց. «Ես մի քիչ սարկազմով մոտեցա այդ արտահայտությանը: Ես հասկանում եմ՝ սրտի կսկիծով, բայց սա նմանվում է նրան, որ մարդուն բերում ես մահապատժի ու ասում ես՝ գիտես, սրտի կսկիծով քեզ գլխատում եմ: Չի կարելի, ճիշտ մոտեցում պետք է ունենալ: Ցավում եմ, որ այս պահին գիտնականները մեր կողքին չեն: Գիտնականներն ասում են, որ եթե մի կաթիլ անգամ ջուր գնա Սեւանից, մենք այն կորցնում ենք: Նախկին իշխանությունները հեշտ ձեւ էին գտել Սեւանից բաց թողնելու, հիմա էլ նույն վիճակն է»,-ընդգծեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում այս պահին ընթանում է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սրտի կսկիծով են նման որոշում ընդունում եւ իրենց խնդիրն է մաքսիմալը անել, որ Սեւանա լջից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելուն բանը չհասնի: «Դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որի մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,-ասել էր նա:
Վարչապետը նշել էր, որ այսպիսով եկան հետեւյալ մոտեցման, որ այսպիսի որոշում կայացնեն, բայց կստեղծեն նաեւ օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պարագայում կուսումնասիրի վիճակը եւ կփորձի իրավիճակը կառավարել այնպես, որ եթե կա որեւէ գործնական հնարավորություն ոռոգման խնդիրը լուծել առանց այս 40 մլն խմ-ին կպնելու, այդ խնդիրը լուծենք. «Բայց այնպես անենք, որ եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, մենք այնուամենայնիվ, այդ ջրառն իրականացնենք»:
Վարչապետը նկատել էր, որ ջրի պահանջարկը ձեւավորվում է «աչքաչափի վրա»:





























