Հայ բեռնափոխադրողները վրացական կողմին առաջարկում են ցամաքային ճանապարհով Վրաստանով հացահատիկի ներմուծումը արգելելու մասին որոշումը հետաձգել մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ Ասոցիացիան մտադիր է խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել վրացական կողմին մինչեւ տարվա վերջ հետաձգել այս որոշման իրականացումը՝ հացահատիկի ներմուծման համար համապատասխան լոգիստիկա ստեղծելու եւ երկաթուղու միջոցով, ինչպես նաեւ Փոթի նավահանգստով ծովային տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակացույցը որոշելու համար:

Ինչպես հայտնի է, վրացական իշխանությունների՝ իրենց տարածքով Հայաստան ցորենի եւ այլ հացահատիկների փոխադրման արգելքի մասին որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին: Որոշումը տարածվում է ցորենի եւ այլ հացահատիկների ներկրմամաբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ վրացական բեռնափոխադրողների վրա:

«Վրաստանի որոշումն իսկական անակնկալ դարձավ մեզ համար»,- նշեց Հերբերտ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ վրացի գործընկերները երեք պատճառ են նշում այս որոշման կայացման համար. առաջին պատճառը պետությանը պատկանող վրացական երկաթգծի անգործ վիճակն է, երկրորդը՝ այն, որ բեռնատարները փչացնում են հացահատիկի տեղափոխման համար նախատեսված ավտոճանապարհները, երրորդը ճանապարհները բեռնաթափելու անհրաժեշտությունն է, այդ թվում՝ Վերին Լարսի:

«Անհանգստության առիթ է տալիս նաեւ այն փաստը, որ Հայաստանում ցորենի եւ հացահատիկի փոխադրման համար նախատեսված մոտ 300 բեռնատար ունեցող 40-45 ընկերություն է գործում: Հետեւաբար, աշխատողների եւ վարորդների զբաղվածության խնդիր կառաջանա»,- նշեց Ասոցիացիայի ղեկավարը: