Ես հիմք ունեմ ենթադրելու, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց այս գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նշենք, որ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, մինչդեռ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվելու է, եւ հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի խոսքերը:

«Ես հույս ունեմ, որ Մարտի 1-ի գործն այս պահին բացահայտված չէ, որովհետեւ եթե գործը բացահայտված է, բայց պահվում է քննչական ծառայությունում եւ դեռեւս դատարանում չէ, դա կլինի կոպտագույն խախտում: Այդ պատճառով ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ այն ամբողջ ծավալով բացահայտված չէ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Անդրադառնալով Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարուցված քրեական գործը միացվել է սպանությունների քրգործին, Արամ Օրբելյանը հաստատեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քննվող քրգործին իսկապես միացված է մի քանի այլ քրեական գործ, սակայն արդյո՞ք սա ամբողջ ծավալով է, թե ոչ, չի կարող ասել. «2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում քննվել են մի շարք էպիզոդներ: Թե որը որին է միացված ամբողջ ծավալով, կդժվարանամ ասել, որովհետեւ գործերը բավական շատ են: Մեր կոնկրետ գործի վերաբերյալ կարող եմ ասել, որ միացված է մի քանի այլ գործերի, բայց արդյո՞ք սա ամբողջ ծավալով է, չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննության գաղտնիության ռեժիմը հետեւյալն է. մենք տեսնում ենք այն փաստաթղթերը, որոնք մեզ տրամադրվում են, իսկ մեզ տրամադրվում են այն փաստաթղթերը, որոնց հետ կապված ինչ-որ գործողություն է կատարվում: Օրինակ՝ կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս մեզ տրամադրվել են այն հիմնավորող փաստաթղթերը միայն, մնացածը, թե ի՞նչ կա գործի մեջ, ի՞նչ ծավալով, վկայի ցուցմունք եւ այլն, մենք տեղյակ չենք»:

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ իրենք գրավոր դիմել էին, որ որոշ փաստաթղթերի վերաբերյալ նախաքննության գաղտնիքը վերացվի, սակայն վարույթն իրականացնող մարմինն այն մերժել է: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետն այդ առաջարկն անհիմն էր համարել:

«Օրենսդրական կարգավորումը եւ հիմնավորումը ձեզ ասեմ, դուք որոշեք՝ անհի՞մն է, թե՞ ոչ: Օրենսդրական կարգավորումը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմինն է որոշում նախաքննական գաղտնիքի ծավալը, այսինքն՝ կարող է որոշել, որ վարույթում առկա որոշ փաստաթղթեր գաղտնիք չեն: Մենք ընդամենը հետեւյալ առաջարկն էինք արել, որ քանի որ ՀՔԾ պետը, օգտվելով իր իրավունքից, պարբերաբար հրապարակում է փաստաթղթերից տարբեր հատվածներ, իսկ մենք իրավունք չունենք հենց նույն փաստաթղթերից այլ հատվածներ հրապարակել, մենք առաջարկում ենք հրապարակայնացնել կալանքի միջնորդությունն ու դրան կից փաստաթղթերը, որոնց հիման վրա դատարանը որոշում է կայացրել եւ որի հիման վրա էլ ՀՔԾ պետն այդ որոշումն ապօրինի է համարել: Մեր խնդրանքը հետեւյալն է. կա՛մ եկեք ավելի զուսպ լինենք, կա՛մ ամբողջ տեղեկատվությունը թափանցիկ դարձնենք: Եթե անհիմն են համարում մեր առաջարկը, իրենց իրավունքն է, իրավաբանորեն իրենք չունեն պարտականություն, բայց եթե հասարակությունն այդքան հետաքրքրված է, եւ ՀՔԾ-ն ստիպված է հրապարակել հատվածներ, բերեք այդ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակենք»:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ բողոքին. Արամ Օրբելյանն ասաց՝ իրենք ակնկալում են, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչի որոշման եզրափակիչ մասը կթողնի ուժի մեջ՝ ավելացնելով հիմնավորումները: