Ճապոնիայի Օսակա, Գիֆա, Միե եւ Այտի պրեֆեկտուրաներում ավելի քան 1,2 մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել «Ջեբի» թայֆունի հետեւանքով, որին երկրում տրվել է հերթական 21 համարը, հայտնել են Kansai Electric Power եւ Chubu Electric Power էներգետիկ ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երկրի այս հատվածում թայֆունից հետո հաստատվել է արեւոտ եւ շոգ եղանակ՝ 32 աստիճանից բարձր ջերմաստիճանով: Էլեկտրականության բացակայությունը մարդկանց զրկում է օդորակիչների ու օդափոխիչների օգտագործումից:

Կիոտո պրեֆեկտուրայում 160 աշակերտներ արգելափակվել են ամառային ճամբարում, երբ թայֆունի հետեւանքով խափանվել է հաղորդակցությունը եւ ավերվել միակ ճանապարհը:

Միայն Օսակա պրեֆեկտուրայում չի աշխատում 2 հազար լուսակիր: Սա մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը:

Տարերքը ուժգին հարված է հասցրել Կանսայ օդանավակայանին, որը ջրածածկված է եւ առայժմ մոտավոր ժամկետ չկա, թե աշխատանքը երբ կվերականգնի: Օդանավակայանի շենքում գիշերել է 3 հազար ուղեւոր եւ մի քանի հարյուր աշխատակից, չորեքշաբթի վաղ առավոտյան նրանց մոտորանավերով տեղափոխել են Կոբե օդանավակայան, քանի որ կղզին, որտեղ գտնվում է օդանավակայանը, մայր ցամաքին միացնող կամրջի մեջ է մխրճվել թայֆունի քշած լցանավը, եւ վերգետնյա տրանսպորրտային հաղորդակցությունն ընդհատվել է:

Մասնագետների կարծիքով՝ Ճապոնիայի խոշորագույն օդանավակայաններից մեկի աշխատանքի խափանումը կարող է բերել շրջանի տնտեսության համար աղետալի հետեւանքների:

Վերջին տեղեկություններով թայֆունի հետեւանքով, որը հեռացել է հյուսիս-արեւմուտք, զոհվել է 9 մարդ, տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել ավելի քան 300-ը: