Իմ լավագույն հանդիպումներից մեկը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ շատերն էին ուզում, որ այդ հանդիպումը նմանվեր բռնցքամարտի մրցավեճի: «Մենք հրաշալի հանդիպում անցկացրինք: Մենք խոսեցինք Ուկրաինայի, Սիրիայի մասին: Մենք խոսեցինք Իսրայելի պաշտպանության մասին: Մենք խոսեցինք բազմաթիվ հետաքրքիր բաների մասին»,- նշել է նա՝ դժգոհելով, թե իր հակառակորդները պնդում են, որ հանդիպումը սարսափելի է անցել. «Ի՞նչն է սարսափելի: Դա հոյակապ հանդիպում էր»:
Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Հելսինկիում: Նախագահները գագաթնաժողովի մի մասը դեմ առ դեմ են անցկացրել, որին մասնակցել են միայն թարգմանիչները: Այս հանգամանքը, ինչպես նաեւ Թրամփի որոշ հայտարարություններ հարուցել էին դեմոկրատների վրդովմունքը, որոնք պահանջել էին ներկայացնել նախագահների անձնական հանդիպման մանրամասները եւ անգամ հարցաքննելու համար Կոնգրես կանչել թարգմանչին, որը հանդիպմանը մասնակցել էր:





























