Սեուլը ձգտում է Փհենյանի հետ մինչեւ ընթացիկ տարեվերջ խաղաղ պայմանագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ինդոնեզիական Kompas պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով հոյակապ կլիներ, եթե մինչեւ ընթացիկ տարեվերջ հայտարարություն արվեր Կորեական պատերազմի ավարտի մասին:
Կորեական 2 պետությունները պաշտոնապես պատերազմական վիճակում են, քանի որ 1950-1953 թվականների հակամարտությունն ավարտվել է ժամանակավոր հաշտության ստորագրմամբ:
Հարավային Կորեայի նախագահն ընդգծել է, որ 2 պետությունների առաջնորդներն ավելի վաղ պայմանավորվել էին հասնել Կորեական թերակղզու ոչ միջուկային կարգավիճակին եւ հաստատուն խաղաղություն ապահովել: «Հարցը միայն այս դրույթների անկեղծորեն կատարումն է, եւ մենք ծրագրում ենք մինչեւ 2018-ի վերջը այս գործընթացում զգալի առաջընթացի հասնել, որպեսզի այլեւս հնարավոր չլինի այն հետ շրջել»,- ասել է Մուն Չժե Ինը:
Նախագահը խոստացել է, որ Սեուլը «բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի ոչ միայն Փհենյանի հետ հարաբերությունների զարգացման, այլեւ Հյուսիսի եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացման ու ապամիջուկայնացման գործընթացի արագացման համար»:
Հինգշաբթի Սեուլը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի հետ պայմանավորևվածություն է ձեռք բերվել Փհենյանում սեպտեմբերի 18-ից 20-ը 2 երկրների առաջնորդների հերթական (երրորդ) գագաթնաժողովն անցկացնելու շուրջ:





























