Գյուղատնտեսության նախարարությունը նպատակաուղղված չի պայքարում Արարատյան դաշտավայրում վնասատու մորմազգիների հարձակման դեմ: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը արդեն 7 տարի գյուղնախարարությանը կոչ է անում նախաձեռնել լոլիկի մորմի դեմ ծավալուն պայքարի ծրագիր, սակայն պետպաշտոնյաները չեն արձագանքում մասնագետների խորհուրդներին: «Այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ գյուղնախարարությունը նպատակաուղղված չի պայքարում վնասատու մորմազգիների հարձակման դեմ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ջերմոցային օլիգարխները» գերատեսչության վրա ազդեցության լծակներ ունեն եւ հնարավոր ամեն բան անում են, որ այն չպայքարի վնասատուների դեմ»,- նշեց ՀԿ ղեկավարը:

Բերբերյանի կարծիքով՝ խոշոր ջերմոցային տնտեսություններ ունեցող եւ լոլիկի ամառային գները թելադրող հայ օլիգարխներին ձեռնտու չէ, որ լոլիկն աճեցվի դաշտերում, եւ նրանք ձգտում են այս բիզնեսը գյուղացիներից խլել. արդեն հիմա լոլիկի ցանքատարածքները տարածքները կրճատվել են 1730 հա-ով, եւ սրա պատճառն այն է, որ գյուղացիները դադարել են լոլիկ աճեցնել: «Մեզ զարմացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում են լոլիկի գները, որոնք ամռանը հասել են 1 կգ-ի դիմաց 650 դրամի: Նրան հարցրեք, թե որտեղ են գտնվում ցանքատարածքները»,- ասաց փորձագետը:

Մինչդեռ, ինչպես շարունակեց նա, մորմի հարձակման դեմ պետք է ծավալուն պայքար մղել, որը կարող է կազմակերպել միայն պետությունը:

Նրա գնահատմամբ՝ նոր կազմով գյուղնախարարությունը գործունեության 120 օրում ոչ մի բան չի ձեռնարկել լոլիկի մորմի դեմ պայքարի համար, ինչը հանգեցրել է սմբուկի, պղպեղի, լոլիկի եւ վաղահաս կարտոֆիլի թանկացման:

Ի դեպ, կարտոֆիլի ցանքատարածությունները, որոնք հիմնականում Շիրակի մարզում են կենտրոնացած, մեկ տարում կրճատվել են 3500 հա-ով, սակայն սա տեղի չի ունեցել մորմի պատճառով. մորմը չի կարող գոյատեւել սառը լեռնային շրջաններում, այն ակտիվանում է օդի 38-40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: «Պատճառը դարձյալ գյուղնախարարության «արդյունավետ» աշխատանքն է»,- եզրափակեց Հրաչյա Բերբերյանը: