Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր բլոգում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի մասին, որն անցկացվել է սեպտեմբերի 9-ին, փոխանցում է Lenta-ն:
Նա շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած եւ իր օգտին քվեարկած բոլորին: «Հաջորդ 5 տարիները Մոսկվայի համար անչափ կարեւոր կլինեն: Այսօրվա հաղթանակը մեզ յուրահատուկ հնարավորություն է տվել ահռելի առաջքայլ կատարելու համար»,- նշել է Սոբյանինը:
Քաղաքական գործչի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնում իր նոր ժամկետի ընթացքում ինքը պատրաստվում է արմատապես բարելավել հասարակական տրանսպորտը, արագացնել պետական ծառայությունների տրամադրումը, «վերանորացման ծրագիր ծավալել», բարձրացնել կրթության որակը, «նոր մակարդակի հասցնել» առողջապահությունը, մտահոգվել տարեցների եւ հաշմանդամների մասին, հատուկ ուշադրություն դարձնել բնակելի շրջանների բարեկարգմանը:
Արձանագրությունների 0,47 տոկոսի մշակման արդյունքներով Սոբյանինը ստացել է ձայների գրեթե 70 տոկոսը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԿԸՀ հաշվարկները: Էքսիթփոլերի տվյալներով՝ գործող քաղաքապետը ստացել է ձայների 74 տոկոսը, երկրորդ տեղում է ՌԿԿ թեկնածու Վադիմ Կումինը՝ 10 տոկոսով:
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի 80 տարածաշրջաններում անցկացվել էին ավելի քան 4,7 հազար տարբեր մակարդակի ընտրություններ, ընտրացուցակների մեջ ընդգրկված էր մոտ 65 մլն մարդ: Քվեարկությանը հետեւել էր ավելի քան 120 հազար դիտորդ:




























