Այսօր գործող հարկային օրենսգիրքն ունի 5 այլընտրանքային համակարգ, որից կմնա երեքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, հարկային փոփոխությունները բաժանել են երեք խմբի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ հեռանրակային:

Կարճաժամկետը այն փոփոխություններն են, որոնք ԱԺ կներկայացվեն հենց այս տարի. Դրանք կարելի է բաժանել 4 խմբի. «Առաջին խումբ փոփոխությունների վերաբերյալ վարչապետը ներկայացրեց իր ելույթում, որը ենթադրում էր շահութահարկի ու եկամտային հարկի նվազեցում: Վարչապետը ներկայացրեց երկու տարբերակ՝ համահարթ եւ սանդղակային համակարգերը: Մենք ունենք ուղղակի հարկերի նվազեցման հստակ նպատակադրում, որն իրագործելու ենք այս տարի: Թե որ մոդելը կընտրվի, լրացուցիչ հանդես կգանք:

Երկրորդ՝ հարկման այլընտրանքային համակարգերի վերացում կամ դրանց կրճատում: Այսօր հարկային օրենսգիրքն ունի 5 այլընտրանքային համակարգ՝ ինքնազբաղվածներ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, արտոնագրային հարկի դաշտում գործողներ, շրջանառության հարկով հարկվողներ եւ հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ: Հիմա առաջարկվելու է երեք համակարգ:

Երրրոդը, շրջանառության հարկի գաղափարախոսության փոփոխության առաջարկն է: Դա պետք է մեկնաբանվի ոչ թե արտոնյալ հարկային համակարգ, այլ այլընտրանքային համակարգ: Այսինքն այս համակարգում գործողների հարկային բեռը առնվազն պետք է հավասար լինի եթե ոչ ավել լինի հարկման ընդհանուր դաշտում գործողների հարկային բեռից: Այսինքն սա լինելու է համեմատաբար պարզ համակարգ, հետեւաբար,  հարկման բեռը կլինի ավելի բարձր: Այս պայմաններում մենք ԱԱՀ շեմի վերաբերյալ կունենանք միասնական որոշման ձեւավորում:

4-րդը հարկային օրենսգրքում առկա ոչ հստակ ձեւակերպումների վերացումն է լինելու»,-ընդգծեց Դավիթ Անանյանը:

Հեռանկարային են այն փոփոխությունները, որոնք այնքան խորքային են, որ երկար ժամանակ է պետք հանրության հետ երկխոսելու առումով. «Օրինակ, եթե ենթադրում ենք, որ պետք է գնանք եկամուտների եւ գույքի տարեկան անձնավորված դեկլարացիա ներկայացնելու համակարգի ներդրմանը: Այսօր կամ վերջին 2 ամսվա արդյունքում բազմաթիվ առաջարկներ են քննարկվել, որոնք եղել են տարբեր կազմակերպությունների կողմից: Հաջորդ տարի մեր աշխատանքի հիմնական վեկտորը լինելու է հարկային համակարգի պարզեցումը»,-ասաց նա: