Երկուշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը Ռուսաստանում կազմեց  69.03 ռուբլի: Այս մակարդակը վերջին երկու տարիների ընթացքում ռեկորդային էր: Սակայն, այս ռեկորդով, ավելի շուտ, հակառեկորդով, ռուբլու թուլացման գործընթացը չավարտվեց: Երեքշաբթի, սեպտեմբերի 11-ին, Ռուսաստանի Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը 69,87 ռուբլի սահմանեց: Այսինքն, ընդամենը մեկ օրվա ընթացքում ԱՄՆ դոլարը ամրապնդվեց 0.84 ռուբլով (կամ 1.2 տոկոսով) եւ ընդհուպ մոտեցավ 70 ռուբլի հոգեբանական նշագծին (տես աղյուսակը):

Հիմնական պատճառը այլեւս կապված չէ, ինչպես տարիներ առաջ, նավթի համաշխարհային գների հետ, վերջինը, ի դեպ, այս տարի նույնպես ռեկորդ է սահմանում: Օրինակ, Brent-ի նավթի ֆյուչերսների գները, սեպտեմբերի 10-ի դրությամբ գերազանցել են մեկ բարելի համար 70 ԱՄՆ դոլար նշաձողը:

Ըստ ռուս փորձագետների, ռուբլու ներկայիս թուլացումը կապված է աշխարհաքաղաքական ռիսկերի հետ: Ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող:

Օտարերկրյա ներդրողները եւ ռուսական արժեթղթերի սեփականատերերը, վախենալով ռուբլու նոր անկումից, փորձում են ազատվել այդ արժույթով ակտիվներից:

Ռուբլու զանգվածային փոխանակումը դոլարի (կամ եվրոյի), բնականաբար, արժույթի շուկայում խուճապային տրամադրություններ է առաջացնում: Աժիոտաժն ավելի է խորանում բորսային խաղացողների շահարկումների հետեւանքով:

Սակայն մասնագետների բազմաթիվ հոռետեսական կանխատեսումների շրջանում, հազդվադեպ հանդիպում են նաեւ լավատեսական կանխատեումներ: Ռուսական փորձագետներից մեկի կարծիքի համաձայն, խուճապը ժամանակավոր բնույթ ունի եւ ռուբլին նորից հին դիրքերին կվերադառնա: Չէ որ երկրի ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները վատը չեն: Կիրականանա այդ կանխատեումը թե ոչ՝ պարզ կլինի առաջիկա ամիսներին: