ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը հարված էր երկրի պետական անվտանգությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման իրավիճակներում պետք չէ մեղադրել ինչ-որ արտաքին կամ ներքին ուժերի։

«Մենք թույլ ենք եւ թուլությունը մեր անջատվածությունն է»,-շեշտել է նա։ Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում էր ձեռնտու կազմակերպել եւ հրապարակել Վանեցյանի ու Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

«Ներկա պահին չեմ կարող ասել՝ արդյոք սրանում ներքաշված է արտաքին կամ ներքին գործոն, բայց կարծում եմ, որ մենք պետք է մեզանից սկսենք, սա մեր թուլության նշանն է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ցնցվել է, երբ տեղեկացել է, որ մեր օրերում կարող են գաղտնալսել պետական պաշտոնյաներին։

«Սա ազդանշան է, որ ժամանակն է ուշքի գալ եւ լրջանալ։ Այս իրավիճակը մեզ բոլորիս է առնչվում։ Եվ եթե «սեւ ու սպիտակ» եւ «իմ ու քո» վիճակից դուրս չգանք, ապա այդպիսի թույլ օղակներ կշարունակեն ի հայտ գալ, եւ մենք հարվածի տակ կդնենք համապետական անվտանգությունը»,-ընդգծել է Հովհաննիսյանը։

«Սա ազդանշան է, եւ թող ոչ ոք մեծամիտ չգտնվի, դրա փոխարեն դուրս գա ինքնասիրահարվածության վիճակից։ Այսուհետ պետական մարմինները պետք է լուծեն պետական, ոչ թե կուսակցական հարցեր»,-կարծիք հայտնեց նա։

Դա, նրա խոսքով, թույլ կտա բացառել միջադեպերը, որոնք առնչվում են պետական անվտանգությանը, այդ թվում՝ գաղտնալսումների կազմակերպումը։