Վրաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է մշակել, որը երկրում մարիխուանայի օգտագործման խիստ իրավական շրջանակներ կստեղծի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հուլիսի վերջին երկրի Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել, որով բացառվում էր մարիխուանայի օգտագործման համար ցանկացած տեսակի պատժի կիրառումը: Ընդ որում՝ կանեփի աճեցումը, ինչպես նախկինում, քրեական հանցագործություն է համարվում եւ պատժվում է տուգանքով:

ՆԳՆ մշակած օրինագծով առաջարկվում է պատժել հասարակական վայրերում, տրանսպորտում եւ այլուր մարիխուանա ծխելու համար: ՆԳՆ կարծիքով՝ մի շարք մասնագիտությունների տեր մարդկանց՝ մանկավարժներին, բժիշկներին, պաշտոնյաներին մարիխուանայի օգտագործումը պետք է ամբողջությամբ արգելվի: Օրինագիծն արդեն քննադատության է ենթարկվել հասարակական կազմակերպությունների եւ «Գիրչի» կուսակցության կողմից, որը հանդես է գալիս մարիխուանայի լիակատար օրինականացման օգտին

Ընդ որում՝ մարիխուանայի իրացումը, ինչպես նախկինում, համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն:

Բախտաձեն նշել է, որ կպատժվեն այն անձինք, որոնք կփորձեն կանեփի օգտագործման գաղափարը տարածել 21 տարեկան չդարձած մարդկանց շրջանում: «Ես ցանկանում եմ շեշտել, որ կխստացվի պատասխանատվությունը մարիխուանայի օգտագործման տարածման եւ գովազդի համար»,- ասել է Վրաստանի վարչապետը: