Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ սեպտեմբերի 12-ին քարոզարշավ անցկացրեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որի մեկնարկը տրվեց «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի առջեւից, ժամը 12:00-ին:
«Երկիր Ծիրանի»-ի նախագահը կարճ խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից միտումնավոր է այդ տարածքը՝ Երեւանի «թոքերը» հանդիսացող Ծիծեռնակաբերդի անտառի լանջերը անխնամ եւ անբարեկարգ պահվում եւ չի ոռոգվում, որպեսզի կանաչ տարածքները չորանան եւ հնարավոր լինի վաճառել: Արձանախմբի հարակից տարծքը գտնվում է անմխիթար եւ անխնամ վիճակում, տնկած եղեւնիները նույնպես չորացել են, եւ նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի արձանախմբին վերաբերող ցուցատախտակը պոկված է, եւ ընդհանրապես՝ նման վերաբերմունք է առկա հուշարձանների նկատմամբ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ կուսակցության Ծրագրի առաջնահերթ կետերից մեկը ջրամատակարարման եւ ոռոգման համակարգի ապահովումն է, ինչից հետո հնարավոր կլինի լիովին վերականգնել մայրաքաղաքի կանաչ տարածքները՝ շեշտելով, որ քաղաքային տնտեսությունն ունի այդ միջոցները, ե Երեւանի բյուջեն հնարավոր է այնպես ծախսել, որպեսզի վերականգնվեն քաղաքի «թոքերը»՝ կանաչ տարածքները: Այնուհետեւ Փոստանջյանը պատասխանել է լրտգրողների հարցերին:
Համայնքի կարեւոր խնդիրներից են՝ շենքերի շքամուտքերի վերանորոգումը, վերելակների տեխնիկական մաշվածությունը, փողոցների եւ բակերի անբարեկարգ վիճակը:
Երեկոյան ժամը 19:30-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հայաստան» կինոթատրոնի առջեւ կանցկացնի հանդիպում համայնքի բնակիչների հետ:



























