Երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրւոյցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւոր Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային ձայնագրությանը։

«Մեր երկրում իրավական անվտանգությունը կոտրված է: Ավելին, ես կարծում եմ, որ մեր երկրում իրավական անվտանգությունը վտանգված է։ Սա շատ վտանգավոր եւ մտահոգիչ երեւույթ է երկրի համար, ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես դրան կանդրադառնամ ավելի ուշ, բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ այս հարցով պատրաստվում է նաեւ ասուլիս հրավիրել, որի ընթացքում հարցերին կանդրադառնա ավելի մանրամասն։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:

Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»: