ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել եւ կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում եւ հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Ի կատարումն այս հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից, առանձին դեպքերում նաեւ այլ դատախազների մասնակցությամբ, ընդունելություններ են անցկացվել ՀՀ ԱՆ «Կոշ», «Սեւան», «Վանաձոր», «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, որոնց մասնակցել է նախապես դիմած ընդհանուր թվով 92 դատապարտյալ:
Ընդունելությունների ընթացքում դատապարտյալների կողմից ներկայացվել են մի շարք խնդիրներ` հատկապես կապված պատժի կրման կարգի եւ իրենց հիմնական իրավունքների հետ:
Ընդունելությունների արդյունքում հիմնարկների վարչակազմերին տրվել են հանձնարարականներ` ուղղված հիմնականում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի կարգավորմանը եւ իրավաբանական օգնություն ստանալու նրանց իրավունքի իրացման ապահովմանը:
Նմանատիպ ընդունելություններ անցկացվելու են նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական մյուս հիմնարկներում:




























