Սիրիայի Իդլիբ նահանգում զինյալները հարձակումներ են ծրագրում Հալեպ եւ Համա քաղաքների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Զինյալներն ակտիվորեն անցկացնում են կառավարման կենտրոնացման, երկարատեւ պաշտպանության միջոցառումներ, հեռացնում են հաշտության հակված ընդդիմադիր կազմավորումների առաջնորդներին»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ օրերս Սիրիայի Ջիսր էշ Շուգուր քաղաք են ժամանել «Իսլամական պետության» մի քանի հարյուր զինյալներ եւ միացել տեղական «Հուրազ ադ Դին» խմբավորմանը:
Զախարովան հայտնել է, որ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները «նշում են Իդլիբի ապաթեժացման գոտուց զինյալների կողմից հարակից բնակավայրերի գնդակոծության ինտենսիվության մեծացման մասին, որոնք գտնվում են Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում»: Այդ փորձագետներն ընդհանուր գրանցել են հրադադարարի ռեժիմի 289 խախտում:




























