Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը խախտողների ակումբին միացան նաեւ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ «Երեւանի հանրություն» դաշինքը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը եւ ասածը հիմնավորող լուսանկարներ տեղադրել:

Ավելի վաղ Իոաննիսյանը անդրադարձել էր չթույլատրված վայրերում նախընտրական պաստառներ փակցնելուն եւ գրել. ««Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում: Քիչ է, մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում:

Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները եւ մրցել օրենքի սահմաններում»:

Դրանից ժամեր անց Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Ժառանգությունը» եւ «Երեւանի հանրություն» դաշինքը, պարզվեց, մետրոպոլիտենի հետ պայմանագիր ունեն, արդ՝ իրենց մասով օրենքի խախտում չկա»: