Համայնքների խոշորացման պրոցեսն ինքնին լավն է, որովհետեւ հնարավորություն է տալիս համայնքներին ավելի շատ ֆինանսական միջոցներ  գեներացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, փոքր համայնքներ կան, որ հնարավորություն չեն ունեցել անգամ փոքր խնդիրներ լուծել, իսկ խոշորացումը թույլ կտա այդ խնդիրը լուծել:

«Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունների օրոք խոշորացված եւ դեռ չխոշորացված համայնքների բնակիչներին այս գործընթացի դրական կողմերը ներկայացնելու փորձեր չեն արվել: Այսինքն որոշումը եղել է՝ խոշորանում ենք եւ անկախ նրանից, համայնքն ուզում է, թե ոչ, խոշորանում ես ու խոշորանում ես այնպես, ինչպես որոշել է կառավարությունը:

Մենք հայտարարել ենք, որ այլեւս չեն կարող լինել խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից ու ցանկությունից: Նման խնդիրների լուծումը տեսնում ենք հանրաքվեների միջոցով: Դրա համար մինչեւ խորհրդարանական ընտրություններ այս պրոցեսն առկախել ենք»,-ասաց նախարարը: