Վերջերս Հայաստանի բնակչությունը տավարի մսի փոխարեն ավելի շատ օգտագործում է հավի միս, որը հակաբիոտիկներ է պարունակում: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքով, տավարի մսի գների բարձրացման պատճառով ավելացել է թռչնամսի սպառումը, ուստի քաղաքացիների օրգանիզմում հակաբիոտիկների չափաքանակն աճել է: Մինչդեռ, Հայաստանում ձկան եւ ծովամթերքի օգտագործումը ընդհանուր առմամբ բավական ցածր է:
«Մեզ մոտ ձուկը դեռեւս մնում է որպես առիթների ժամանակ մատուցվող ուտեստ: Երեւանի ամեն մի բնակիչ 17 գրամ ձուկ է սպառում: Ընդ որում մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ օրական սպառում է ավելի քան 300 գրամ հավի միս: Հասարակական առողջապահության տեսանկյունից, սա փաստացի թիրախային խումբ է», - բացատրեց փորձագետը:
Բացի այդ Դավիթ Պիպոյանը նշեց, որ Հայաստանի բնակչությունը շատ քիչ մեղր է օգտագործում, քանի որ շատ քաղաքացիներ պարզապես չեն սիրում այն: Փորձագետը ընդգծեց, որ բնակչության առողջությունը պաշտպանելու համար պետությունը պետք է պարբերաբար ստուգի քաղաքացիների օրգանիզմում հակաբիոտիկների չափաքանակը:




























