Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս պահանջել է Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերում:
«Այսօր եւս մեկ անգամ այս ամբիոնից մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել անօրինական եւ սադրիչ գործողությունները եւ անվերապահորեն եւ առանց հապաղելու 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովում ստանձնած պարտավորությունների եւ միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող պարտավորությունների համաձայն վերսկսել զինված ուժերի եւ սպառազինությունների դուրսբերումը», - գրում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով Մոլդովայի վարչապետի խոսքը:
Ֆիլիպի կարծիքով, ռուսական զորքերի դուրսբերումը կնպաստի «Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման եւ երկրի վերաինտեգրման գործընթացին»: «Չնայած կարգավորման գործընթացին խոչընդոտող դժվարություններին, Քիշնեւի իշխանությունները մտադիր են «5 + 2» բանակցային ձեւաչափում քաղաքական լուծում գտնել այս երկարատեւ հակամարտության համար, որը առաջացել է Մոլդովայի Հանրապետության արեւելյան մասում», - ասել է վարչապետը:
«Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի վերջնական դուրսբերումը» պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի:
Մերձդնեստրում տեղակայված է 6,5 հազար կազմով ռուսական զորքերի օպերատիվ խումբ:




























