Ասիական էլիտայի համար կարգավիճակի խորհրդանիշ եւ համատարած մոլագարություն է դարձել հազվադեպ էկզոտիկ ձուկը։ CNBC-ը գրում է, որ արովանա (Arowana) ձկան համար, որ համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ծովամթերքներից մեկը, ոմանք պատրաստ են 300 000 դոլար վճարել։
Երիտասարդ արովանա Սինգապուրում կարելի է գնել 33 դոլարով, մինչդեռ հազվադեպ արովանա-ալբինոսը կարող է 70 000 դոլար արժենալ։
Արովանան հայտնի է նաեւ որպես «վիշապ ձուկ»։ Այն ապրում է Հարավարեւելյան Ասիայի ողջ տարածքում եւ կարող է հասնել 1 մետրի։
Շատերը համարում են, որ ձուկը հաջողություն եւ հարստություն է բերում։ Առասպելներ են շրջում, թե արովանան կարող է, իրեն զոհաբերելով, դուրս թռչել ակվարիումից, որպեսզի տերերին զգուշացնի կոմերցիոն վատ գործարքների կամ այլ վտանգների մասին։
«Անհետացող տեսակների մասին» օրենքով պաշտպանված ասիական արովանան համարյա անհետացել է վայրի բնությունից։ 1975թ․ 183 երկրներ պայմանագիր են ստորագրել ձկանը հազվագյուտ տեսակների շարքը դասելու եւ նրա միջազգային առեւտուրը արգելելու մասին։
Պայմանագիրը նպաստել է, որ արովանան շքեղ ապրանք դառնա։ Հայտնվել է բարգավաճող «սեւ շուկա»։ Սինգապուրում, որը կարող է հպարտանալ հանցագործությունների ցածր մակարդակով, մի անգամ արովանայի գողության 4 դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Մալայզիայում 5 արովանա էին գողացել մի կնոջ տնից, մեկ ուրիշի ակվարիումը տանելու համար տիրոջը սպանել էին։ Այս ձկների համար կազմակերպվող մրցույթներում «մասնակիցներին» պահպանում են զինված մարդիկ։




























