Ֆրանսիայի հանրությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարի պատճառով, հայտնում է «Sputnik Ֆրանսիան»:

Սկանդալային լուսանկարն արվել է Կարիբյան ծովում Սեն Մարթեն կղզի Ֆրանսիայի նախագահի ուղեւորության ժամանակ. կղզին անցյալ տարի տուժել էր «Իրմա» փոթորկի հետեւանքով:

Ավելի մեծ արձագանք է առաջացրել Մակրոնի լուսանկարների շարքը կիսամերկ սեւամորթ երիտասարդների հետ: Դրանցից մեկում տղաներից մեկը խցիկի առջեւ ցույց է տալիս միջնամատը:

Մեկ ուրիշ լուսանկարում Մակրոնը զրուցում է մյուս երիտասարդի հետ: Լուսանկարի տակ արված գրառումից պարզվում է, որ նա Ֆրանսիայի նախագահին ասում է, թե նախկինում գող է եղել եւ վերջերս է բանտից դուրս եկել: Ի պատասխան՝ Մակրոնը խորհուրդ է տալիս մոռանալ իր անցյալը եւ օգնել կղզու վերականգնմանը:

Օգտատերերի արձագանքն իրեն երկար չսպասեցրեց: