Հայաստանը պատրաստ է ընդունել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովը: Հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, գագաթնաժողովի անցկացման աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Գագաթնաժողովի շրջանակում աշխատանքը կսկսվի հոկտեմբերի 7-ին, այդ օրը կանցկացվի ՖՄԿ մշտական խորհրդի 105 նիստ:

Հոկտեմբերի 8-9-ը տեղի կունենա ԱԳ նախարարների 35-րդ նիստը: Հոկտեմբերի 9-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի գյուղի բացումը, որին կմասնակցեն Հայաստանի ԱԳ նախարաը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը: Նույն օրը կնշվի երիտասարդների օրը: Ֆրանկոֆոնիայի գյուղում կլինի 40-ից ավելի տաղավար, որտեղ ավելի քան 20 երկրներ կներկայացնեն իրենց մշակույթը: Գյուղը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում իր աշխատանքը կսկսի բիզնես համաժողովը: Այն կանցկացվի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո:

Բուն գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Գագաթնաժողովին կմասնակցեն ՖՄԿ անդամ եւ գործընկեր ավելի քան 80 երկրների պատվիրակությունները: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա համերգ՝ համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ: Գագաթնաժողովը կավարտվի հոկտեմբերի 12-ին, որի արդյունքների մասին լրատվամիջոցները կտեղեկանան ամփոփիչ մամուլի ասուլիսում:

Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 40 երկրների նախագահներ եւ վարչապետներ: Հայաստան կժամանի ընդհանուր 3500 հյուր՝ պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ: Գործարկվել են վիթխարի ռեսուրսներ: Գագաթնաժողովի նախապատրաստմանը ներգրավված են ավելի քան 60 տեղական արտադրող կազմակերպություններ: Կօգնեն ավելի քան 1,5 հազար ուսանող կամավորներ:

«Այս ամիսների ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամենշաբաթյա նիստեր է գումարել և շատ արդյունավետ լուծումներ տվել ծագող հարցերին»,- նշեց Մելիքյանը։