Կառավարությունը հայտնվել է այն նույն դրության մեջ, երբ նախկինում Ազգային ժողովի հանձնաժողովներն առաջինից երկրորդ ընթերցման արանքում փոփոխություններ էին անում արագ եւ պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում իրենց դիրքորոշումը հայտնել: Այս մասին այսօր հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այս օրինագծի քննարկման ժամանակ իրենք խնդրել են հեղինակներին մի շարք պարզաբանումներ ու փոփոխություններ մտցնել, որն էլ արվել է։ Սակայն խնդիրն այն է, որ դա բավականին ուշ է արվել, իսկ կառավարությունը վերջնական տարբերակն, ըստ էության, շատ ուշ է ստացել եւ դեռ չի հասցրել պատշաճ կերպով ծանոթանալ դրան։ Պաշտոնյան նկատեց, որ կարող են լրացուցիչ հարցեր առաջանան եւ կառավարությունն ամբողջությամբ պատրաստվել եւ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չի ունեցել:
«Խոսքը պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կողմից ներկայացված առաջարկի մասին է, երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, եւ ընտրության օրը կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունը արտակարգ իրավիճակների կամ այլ պատճառով եւ խորհրդարանն իրավունքի ուժով պիտի ցրվի: Առաջակը նրա համար էր, որ կանխեն այդ հնարավորությունը։ Այսինքն, եթե պայամանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել եւ դա էլ պայամանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա եւ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու եւ հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլեւս ժողովուրդը չի կարողանալու պայքարոլե, որ իշխանությունը ղեկավարի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը»,–նշեց Հովհաննիսյանը։
Նա իրավական տեսանկյունից եւս նախագծում մի քանի խնդիրներ տեսավ: Հետաքրքրվեց՝ ով է որոշում պատգամավորների ներկայանալը խոչընդոտող արտակարգ իրավիճակներն առկա են, թե ոչ, խոչընդոտվում է պատգամավորի մասնակցությունը, թե ոչ, առկա է սպառնալիք, թե ոչ: Արթուր Հովհաննիսյանը նկատեց՝ փաստորեն այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ պատգամավորին: «Շատ հարցեր նախագծով բաց են մնում: Մեր դիրքորոշումը, որը կարճ ժամանակում է ձեւավորել, բացասական է, կարծում ենք, որ կարգավորումները թերի են»,-եզրափակեց փոխնախարարը:




























