ՄԱԳԱՏԷ-ի համար անկախությունն առաջնային նշանակություն ունի, եւ կազմակերպությունը հետախուզական տվյալները որպես բացարձակ ճշմարտություն չի ընդունում։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկի Ամանոյի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Գործակալությունը միայն անհրաժեշտության դեպքում է տեսուչներ ուղարկում։ Գործակալությունը օգտագործում է իր ունեցած տեղեկատվության հետ կապված բոլոր երաշխիքները, բայց ոչինչ հալած յուղի տեղ չի ընդունում»,- նշել է Ամանոն։ Նրա խոսքերով՝ ՄԱԳԱՏԷ-ի անկախությունը եւ նրա գործունեության հանդեպ վստահությունն առաջնային նշանակություն ունեն։ Նա հավելել է, որ «Ստացված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ կողմից, մանրազնին ստուգման է ենթարկվում եւ գնահատվում է»։

ՄԱԿ ԳԱ իր ելույթում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին կրկին մեղադրել էր միջուկային զենքի ծրագրի մշակման մեջ։ Նա պնդել էր, թե Թեհրանից ոչ հեռու «միջուկային զենքի գաղտնի պահեստ կա», սակայն որեւէ ապացույց չէր ներկայացրել։