Քաղաքացիները կարգ չեն խախտում, սա շտապ հավաք է։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան 26–ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա նշեց, որ շրջագայել է փողոցով՝ համոզվել, որ իրավիճակը հանգիստ է ։

«Ուղղակի անհանգիստ էի, բազմություն է հավաքվել։ Իրավիճակը հանգիստ է, նորմալ, ժողովուրդն իր կամքն է արտահայտում, բոլոր տեղերում ոստիկանական վերակարգեր կան։ Այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում, քաղաքացիները կարգ չեն խախտում, «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն շտապ հավաք է անցկացվում»,–ասաց նա։

Ոստիկանապետը նշեց, որ ԱԺ–ում գտնվող անձանցից ոստիկանությունն ահազանգեր չի ստացել։

«Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի բախումներ և սադրիչ գործողություններ չլինեն»,–ասաց նա։

Օսիպյանը հավաստիացրեց, որ  պետական պահպանության ծառայությունը պատշաճ և պրոֆեսիոնալ իրականացնում է վարչապետի անվտանգության պահպանությունը։