«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ ՀՀԿ–ն եւ նրանց աջակցող ուժերը ՀՀ–ում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր երեկոյան արդեն տեղի է ունեցել տխրահռչակ նիստը եւ խնդրո առարկա օրենքի նախագիծն արդեն իսկ ընդունվել է։ Մենք հիմա կճշտենք այդ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորների եւ քաղաքական ուժերի մասին։ Հիմա կարող ենք ասել, որ այս օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով ՀՀԿ–ն եւ նրանց աջակցող ուժերը ՀՀ–ում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն։ Հակահեղափոխությունը ՀՀ–ում շանս չունի, որովհետեւ ժողովուրդը հաղթել է, իսկ ժողովրդի հաղթնակաը չի կարող որեւէ մեկը նրա ձեռքից առնել»,–նշեց նա։
Վարչապետը շեշտեց՝ ՀՀԿ–ն պետք է արմատախիլ արվի ՀՀ–ից. «Պետք է հեռացվեն այն ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը»։ Վարչապետը եւ ամբոխը նրա հետ միասին վանկարկում էր «ՀՀԿ, հեռացիր»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:
Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:
Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:


























