Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար հաջողված խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու լավ հնարավորություններ ունի։ Այս մասին հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքերով՝ այս տարվա ապրիլին հեղափոխական իրադարձություններից հետո իշխանության փոխանցումը չէր ավարտվել, քանի որ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ մնում է «հանրապետական»։ Նա նշեց, որ այժմյան վարչապետն ու նրա կողմնակիցներն այն ժամանակ չկարողացան վերցնել օրենսդիր իշխանությունը, ինչը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխվի։
Իսկանդարյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու վստահությունը նոր իշխանությունները ձեռք են բերել Երեւանի ավագանու արդյունավետ ընտրություններից հետո, երբ նրանց հաջողվեց տպավորիչ տոկոսներ ստանալ։ «Սակայն հազիվ թե իշխանությունների վարկանիշն ավելի բարձր լինի, քան հիմա է։ Այդ պատճառով հիմա ընտրություններ անցկացնելու Փաշինյանի ցանկությունը լիովին բացատրելի է»,- նշեց փորձագետը։ «Կարելի է հաստատել, որ ընտրությունների ձգձգումը կարող է խարխլել այն դիրքերը, որ ունեն այժմյանիշխանությունները»,- հավելեց Իսկանդարյանը։
Խոսելով նոր իշխանությունների եւ նրանց հակառակորդների հնարավորությունների մասին՝ փորձագետը նշեց, որ քաղաքական կամքի եւ ընտրազանգվածի տեսքով բավարար ռեսուրսների դեպքում Փաշինյանն իր համար հաջողված խորհրդարանական ընտրություններ անցկացնելու լավ հնարավորություններ ունի, ինչը չի կարելի ասել Հայաստանի հանրապետական կուսակցության մասին, որը տվյալ պահին չունի ընտրողների նման բազա։ «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելը հենց դրանով է բացատրվում»,- կարծում է Իսկանդարյանը։
Փորձագետը նշեց, որ իշխանության կարեւորագույն ռեսուրսը հենց հետհեղափոխական էյֆորիան է, որն ընդունակ է կոտրել ՀՀԿ-ի դիմադրությունը, որը կհենվի լեգալ, այսինքն իրավական լծակների վրա։ Իսկանդարյանն ընդգծեց, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում իշխանությունները կօգտագործեն պատգամավորների վրա ճնշում գործադրելու մեթոդը, որն օգտագործել էին Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ կապված։
Ինչ վերաբերում է, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա, ինչպես նշեց փորձագետը, դրանք շատ մեծ հավանականությամբ կկայանան Փաշինյանի նշած ժամկետում։
«Այս ֆոնին կարելի է սպասել բավական բուռն նախընտրական փուլի, իսկ հետո մեզ սպասում են ընտրություններ, որոնց արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի խորհրդարան, որի մեծամասնությունը կներկայացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, իսկ ընդդիմություն, որպես այդպիսին, չի լինի, կամ այն կլինի այնքան թույլ, որ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա»,- իր խոսքն ավարտեց Ալեքսանդր Իսկանդարյանը։




























