Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի բացառել, որ, հնարավոր է, տառապում է ուռուցքային հիվանդությամբ: Դուտերտեն հայտնել է, որ սպասում է անալիզների արդյունքներին:

«Ես ձեզ կասեմ, եթե ինձ մոտ քաղցկեղ լինի: Արդյունքներին եմ սպասում: Եթե պարզվի, որ արդեն երրորդ փուլում է, դա նշանակում է, որ բուժումն անհնար է: Եվ ես հոգեվարքը չեմ երկարացնի՝ պաշտոնին գտնվելով»,- հայտարարել է 73-ամյա Դուտերտեն՝ ելույթ ունենալով ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ:

Նա հայտնել է, որ էնդոսկոպիայի եւ կոլոնոսկոպիայի հետազոտության է ենթարկվել, սակայն բժիշկները խորհուրդ են տվել այս շաբաթ թեստերը կրկնել: Երկու թեստն էլ ուղարկվել են մարսողական տրակտում եւ հաստ աղիքում շեղումներն ախտորոշելու համար: