Չինաստանի կառավարությունը կաջակցի Ինտերպոլի աշխատանքին, ինչպես նախկինում, չնայած կազմակերպության նախկին ղեկավարի, Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարար Մեն Խունվեյի դեմ սկսված հետաքննությանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի կեսգիշերին Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատեցին, որ մեկ շաբաթ առաջ անհետացած Ինտերպոլի ղեկավարը կասկածվում է օրենքը խախտելու մեջ եւ պետական վերահսկիչ հանձնաժողովը նրա նկատմամբ հետաքննություն է անցկացնում:

Մի քանի ժամ անց Ինտերպոլը հաղորդեց, որ Լիոնում գտնվող գլխավոր քարտուղարությունը կազմակերպության ղեկավար Մեն Խունվեյի հրաժարականի մասին դիմում է ստացել: Երկուշաբթի առավոտյան Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարությունը հաղորդեց, որ պաշտոնյան կասկածվում է կաշառք վերցնելու եւ օրենքները խախտելու մեջ:

«Ինչ վերաբերում է Չինաստանի եւ Ինտերպոլի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ուզում եմ ասել, որ Չինաստանը, պատասխանատու պետություն լինելով, կաջակցի  Ինտերպոլի աշխատանքին ինչպես եւ նախկինում, ինչպես նաեւ հանցավորության դեմ պայքարում կամրապնդի համագործակցությունը Ինտերպոլի այլ անդամների հետ», - ճեպազրույցում ասել է Լու Կանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մեն Խունվեյը   Ինտերպոլի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հանցագործություններ  կատարել է, Լու Կանը հայտարարել է, որ դեռեւս հետաքննություն է իրականացնում:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչու  ստուգում չի իրականացնում ոչ թե կենտրոնական կոմիտեի կարգապահության ստուգման կենտրոնական հնաձնաժողովը, այլ պետական վերահսկողության կոմիտեն: