Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող տաքսու վարորդի որդին՝ Մերուժան Բադալյանը, պնդում է, որ ոստիկանական բաժնում իրեն ծեծի են ենթարկել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստում Մերուժան Բադալյանը հայտարարեց, որ իրեն ծեծի են ենթարկել Խաչատրյանի սպանության հաջորդ օրը՝ 2016թ. հուլիսի 5-ին՝ փորձելով այդ կերպ իրենից ցուցմունք կորզել։
Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Սանասար Բադալյանը Եղիշե Խաչատրյանի սպանության օրը իր տաքսիով անցնելիս է եղել դեպքի վայրով, մեքենայի ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է։ Տաքսու վարորդի դիտողություններից վրդովված ամբաստանյալներ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը հետապնդել են նրան մինչև ավտոտեխսպասարկման կետ, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Նկատի ունենալով այս հանգամանքները՝ վարույթն իրականացնող մարմինը Բադալյանին տուժողի կարգավիճակ է տվել։
Տաքսու վարորդի որդին այսօր դատարանում, որպես վկա ցուցմունք տվեց և հայտնեց, որ Եղիշե Խաչատրյանի սպանության դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, մինչդեռ նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ հայրը Նուբարաշենի ճ–ուղում գետնին ընկած մարդ է տեսել։
Մերուժան Բադալյանը նշեց, որ չի տեսել, որ ինչ–որ մեկը գա ավտոտեխսպասարկման կետ և հարվածի իր հորը, քանի որ այնտեղ մութ էր։
«Իմ հորը, եթե հարվածող լիներ՝ ես էլ նրան հաստատ կհարվածեի»,– ասաց վկան։
Նշենք, որ տեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը ցումունք էր տվել և հայտնել, որ միջադեպի ընթացքում մեկը բղավում էր՝ «իմ հայրն է՝ չխբեք»։ Վկան հայտնեց, որ չի հիշում, որ նման արտահայտություն արած լինի։
Բադալյանը պատմեց, որ սպանության դեպքի հաջորդ օրը ոստիկաններն իր կամքին հակառակ իրեն նստեցրել են մեքենան և տարել բաժին։
Ըստ վկայի ցուցմունքի՝ ոստիկանական բաժնում քաղաքացիական հագուստով անձինք հարցեր են տվել իրեն, ապա՝ ծեծի ենթարկել։
Նրա խոսքով՝ ոստիկաններն անգամ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ինքը առողջական խնդիրներ ունի։
Վկան նշեց, որ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
«Հարցեր էին տալիս, ասում էին՝ ինչ –որ բան կա, տեսել ես՝ չես ասում, ես էլ ասացի՝ սուտ ցուցմունք չեմ տա ու սկսեցին խբել կողերիս»–պատմեց նա։
Վկան նշեց, որ չի հիշում իրեն ծեծի ենթարկողների դեմքերը, սակայն հիշում է, որ սենյակում շատ անձինք կային և նրանցից առնվազն երկուսն իրեն հարվածներ են հասցրել, ինչից հետո իր վիճակը վատացել է, ուշագնաց է եղել և շտապօգնություն են կանչել։
«Չէին ուզում կանչել, ուզում էին էնպես անել, որ դզվեմ, բայց մինչև չեկան՝ չսրսկեցին՝ վիճակս չլավացավ»,–ասաց վկան։
Դատավորի հարցին, թե ինչու՞ իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդում չի ներկայացրել, վկան ասաց.
«Անիմաստ տեղը տանելու էին՝ բերեին»։
Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը դատարանին միջնորդեց՝ դիմել դատախազություն՝ ոստիկանների կողմից վկային ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքի կապակցությամբ քննություն իրականացնելու համար։
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունն ու որոշում կայացրեց դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։
Այս հայտարարությունից հետո, վկան նշեց, որ պնդում է իր ասածները, սակայն ըստ ության բողոք չունի և չի ցանկանում նորից ընկնել քաշքշուկի մեջ։
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ, որոնցից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը մահացել է այս տարվա օգոստոսի 23–ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի հետ խուլիգանական դրդումներով, միասնական դիտավորությամբ խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն մարմնական վնասվածքներ են հասցրել Եղիշե Խաչատրյանին և նրան դիտավորությամբ զրկել են կյանքից:




























