Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի եւ սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը:

Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու եւ հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ եւ սիրով՝ չակնկալելով որեւիցե երախտագիտություն: Իսկ կատարված եւ չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ կտաք ինքներդ:

Սիրելի արաբկիրցիներ, իմ թանկագին գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից՝ այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու, աջակցելու եւ վստահելու համար: Սա ամենամեծ գնահատականն է իմ՝ այս տարիների աշխատանքի համար:

Յուրաքանչյուր գործ շարունակական է եւ մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ եւ ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարեւոր ներդրումն է, որը գոյություն ունի եւ վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում եւ շարունակելու է մնալ իմ տունը եւ ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»: