Իմ ունեցած տեղեկություններով` Արարատի մարզում նախկին պաշտոնյաների, այդ թվում նաեւ գործող պաշտոնյաների թիկնազորները զինաթափել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով` նախկին պաշտոնյաների, այդ թվում նաեւ գործող պաշտոնյաների թիկնազորները զինաթափել են, այժմ կրում են միայն օրինական զենք»,-ասաց մարզպետը՝ չնշելով, թե կոնկրետ որ նախկին պաշտոնյաների թիկնազորերին են զինաթափել։
Հարցին, թե, ի վերջո, ճշտեցին մարզում քանի հակակարկտային կայան կա, նա ասաց, որ դա պարզ էր, եթե ինքը տեղեկացված չէր, դա դեռ չէր նշանակում, որ մարզպետարանում չգիտեին։
Անդրադառնալով Ուրցաձորի համայնքապետի հետ կապված խնդրին՝ մարզպետն ասաց, որ ինքը չի հորդորել նրան հրաժարական տալ, այլ միայն առաջարկել է։
«Ես չեմ հորդորել Ուրցաձորի համայնքապետին հրաժարական տալ, գյուղում իրավիճակը շատ լարված է եւ առաջարկել եմ համայնքի ղեկավարին ընդհանուր լեզու գտնել բողոքող հատվածի հետ, կամ էլ ընդառաջ գնալ նրանց պահանջներին եւ հրաժարական տալ, նորից թեկնածությունը դնել ընտրություններում եւ հաղթել, եթե վստահ է իր ուժերի վրա»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք Արարատի մարզում պահանջում են նրա հրաժարականը, մարզպետը նշեց․ «Ես այդպես էլ չտեսա, թե Արարատում ովքեր են պահանջում իմ հրաժարականը։ Միայն Ուրցաձորում գյուղապետի կողմմանկիցներն էին պահանջում նրանից հետո, երբ ես առաջարկեցի գյուղապետին հրաժարական տալ»։




























