Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 1,120 մլրդ դոլար: Այս մասին են վկայում Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) զեկույցի տվյալները:

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստան է այցելել 1,4 մլն զբոսաշրջիկ:

Հարավկովկասյան երկրների շարքում զբոսաշրջիկների թվով առաջատարը Վրաստանն է, որտեղ այցելել է 3,4 մլն զբոսաշրջիկ: Սակայն Վրաստանում զբոսաշրջիկները ծախսել են 2,751 մլրդ դոլար, մինչդեռ Ադրբեջանում՝ 3,012 մլրդ դոլար, չնայած Ադրբեջան ավելի քիչ թվով զբոսաշրջիկ է այցելել (2,4 մլն):

Զբոսաշրջիկների ծախսերի մեջ է մտնում ցանկացած գումար, որ ծախսվել է տրանսպորտի, կեցության, ապրանքների եւ ծառայությունների համար:

Նշենք, որ վարկանիշի առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն՝ ծախսած 211 մլրդ-ով: Երկրների տասնյակում են, որտեղ զբոսաշրջիկներն ավելի շատ են ծախսում, Իսպանիան, Ֆրանսիան, Թաիլանդը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան, Մակաոն եւ Ճապոնիան: